ԲԱՔՎԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ

Ադրբեջանում ձերբակալված հայաստանցու կինը հուսահատական կոչ է անել՝ հայտնելով, որ իր ամուսինը 20 օր է, ինչ հացադուլ է սկսել և իրեն բուժօգնությունից զրկում են։

Հարցազրույցի ժամանակ Լինդա Եվլեյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Վիգենը, տանջվում է անտանելի ցավերից և կարիք ունի հրատապ բժշկական օգնության, որից, ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են։ Նա մեծ անհանգստություն է հայտնել նրա կյանքի համար՝ ասելով. «Ես կորցնում եմ ամուսնուս։ Նրա կյանքը վտանգի տակ է»։

Վերջին անգամ նա ամուսնուն տեսել է մի քանի ամիս առաջ՝ կարճ, հսկվող տեսազանգի ժամանակ, երբ նա արդեն ակնհայտորեն հիվանդ էր։ «Պատկերացրեք, թե ինչ վիճակում նա կլինի հացադուլից հետո»,– ասել է նա։

Եվլեյանը կոչ է արել ազատ արձակել իր ամուսնուն՝ հարց տալով, թե ինչու են բանտարկյալները դեռ պահվում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ «Եթե պատերազմն ավարտված է, ինչու են նրանք սպասում»,– հարցրել է նա։

Նա ուղղակի կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և աշխարհի այլ առաջնորդների՝ միջամտելու համար։ «Մենք կոտրված ընտանիք ենք»,– ասել է նա։ «Իմ խնդրանքը բոլոր առաջնորդներին է․ խնդրում եմ, օգնեք ինձ։ Ես շուտով կկորցնեմ մորս․ չեմ ուզում կորցնել նաև ամուսնուս»։

Վիգեն Եվլեյանը ձերբակալվել է 2020 թվականին Շուշիի մոտ, զինադադարի հայտարարումից մեկ օր անց։ Նա մեկ այլ անձի՝ Մարալ Նաջարյանի հետ գնում էր հյուրանոցից անձնական իրեր վերցնելու։ Նրանց ձերբակալել են ադրբեջանցի զինվորները։ Ավելի ուշ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։